Հայկական կողմը պետք է վերադարձնի ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը։ Այս մասին մայիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
«Մենք մշտապես արձագանքում ենք արբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեկտորային շարժումներ ենք անում։ Այդպես է իրեն պահում գլխատված գորտը, որի թաթին ծծմբաթթու են լցրել։ Նույնիսկ առանց գլխի շարժում է թաթը, արձագանքում ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք այն՝ կարծելով, թե արեցինք այն, ինչ կարող էինք։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին», - նշել է Վարդանովը։
«Հայտարարում ենք, որ կոշտ պատասխան ենք տվել, պատժել ենք։ Միեւնուն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է», -նշել է Վարդանովը՝ հավելելով, որ փոխվել են նախագահներն ու պաշտպանության նախարարները, սակայն աշխատանքի ոճն անփոփոխ է մնացել։ «Մենք պետք է նախաձեռնող ու պահանջկոտ դառնանք», - հայտարարել է նա։ Տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ Վարդանովը նշել է, որ նման տենդենցներն անթույլատրելի են։ Նա նաեւ խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել, թե ինչպիսի գումարներ են ծախսվում որոշ տարածքների վերականգնման համար։ «Դա նշանակում է, որ ոչ ոք նման բան չի մտածում»։ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգի եւ մաքսայինի առկայությունը նա արտաքին աշխարհի համար «կապիկություն» է անվանել։
«Նայեք Քարվաճառի ճանապարհին, այնտեղ ամենուր շինարարություն է ընթանում։ Դուք հասկանում եք՝ ինչ է դա նշանակում», - նշել է նա՝ հավելելով, որ իրականում նույնիսկ մի թիզ հող վերադարձնելու մասին խոսք չկա։



























