Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր` նոյեմբերի 23-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես կգա արտակարգ ճառով: «Վրաստանի նախագահը հնարավորություն կունեն շոշափել Վրաստանի համար բոլոր ցավոտ եւ արդիական խնդիրները, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորներին ծանոթացնել իր երկրի երկարաժամկետ ծրագրերին ու հեռանկարներին»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նա հատուկ նշել է Սահակաշվիլիին Եվրախորհրդարան հրավիրելու փաստը, հայտարարելով, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների առաջնորդներին շատ հազվադեպ է հնարավորություն տրվում հանդես գալ Եվրախորհրդարանի պատվիրակների առջեւ, իսկ Սահակաշվիլիին այդ շանսը տրվում է արդեն երկրորդ անգամ:

«Նման իրադարձություններով գրվում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունները»,- հայտարարել է Կալանդաձեն, հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում Վրաստանի համար առաջին հերթին կարեւոր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում Վրաստանի կերպարի ձեւավորումը: