Համադրված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին եւ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի եւ զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը:
«Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»,-ասաց նախագահը:
Նա կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները եւ ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ. «Պետությունը պետք է խրախուսի եւ խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող եւ հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները եւ, ինչու չէ, նաեւ կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացում»:
Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու եւ մրցունակության զեկույցները: «Դրանք մեր տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ եւ մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը: Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։
Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան եւ նախապայման: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ եւ զարկ տանք այնպիսի ոլորտների եւ ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը:
Այս առումով «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն եւ անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն: Այս դեպքում հայկական արտադրանքի՝ անգամ որոշ չափով թանկ լինելը մրցակիցների համեմատ ոչ թե կնշանակի դրանց մրցունակ չլինելը, այլ կփաստի հայկական արտադրանքի բարձրորակ եւ գերակա լինելը, կապահովի դրա մրցունակությունն անգամ համեմատաբար բարձր գնային պայմաններում:
Սա իր հերթին թերեւս միակ ճանապարհն է՝ շրջանցելու համար հայաստանյան շուկայի փոքր լինելու խոչընդոտը: Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական եւ այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը:
Համոզված եմ, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի եւ սարքավորումների վրա:
Կասկածից վեր է, որ հայկական արտադրությունը, որը հիմնված է գերազանցապես տեղական ռեսուրսների վրա եւ օգտագործում է տվյալ ոլորտի միջազգային լավագույն տեխնոլոգիաները, ի զորու է միջազգային շուկաներ մատակարարելու բարձր որակական չափանիշներին համապատասխանող մրցունակ արտադրանք: Ուստի անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու եւ հայաստանյան պայմաններին հարմարացնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները:
Բոլորիս հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ եւ նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկական արտադրանքը:
Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարեւանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:





























