Արարատ քաղաքում բնակելի շենքի էլեկտրական հոսանքի տատանումից տուժած բնակիչներն արդեն մեկ շաբաթ է փոխհատուցում են պահանջում: Բնակիչների խոսքով, շենքի մուտքի հոսանքալարերի մաշվածության պատճառով տեղի է ունեցել հոսանքի տատանում, ինչի հետեւանքով, կենցաղային որոշ իրեր վնասվել են։ «Հեռուստացույց, սառնարան, համակարգիչ փչացել են։ Դիմել ենք էլ ցանցի գլխավոր ինժեներին, էսօր վաղն են ասել»,- NEWS.am – ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 20-ին, ասաց շենքի բնակիչ Արմենուհի Մավրեյանը։

Արարատ քաղաքի Աբովյան 1 շենքի բնակիչների խոսքով, իրենք դեպքի մասին անմիջապես հայտնել են Վեդի քաղաքի էլցանցի գլխավոր ինժեներին, սակայն, վերջինը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է այցը։ Արմենուհի Մավրեյանի նշեց, որ էլցանցում իրենց ասել են, որ բնակիչները դիմում գրեն կրած վնասի փոխհատուցման կամ տեխնիկայի վերանորոգման համար: Նրա խոսքով, տուժողներից ոմանք արդեն վերանորոգել են իրենց վնասված տեխնիկան, սակայն մյուսները դեռ սպասում են փոխհատուցման կամ վերանորոգման։ Իսկ գլխավոր ինժեները դեռեւս անպատասխան է թողնում բնակիչների զանգերը:

«Ինժեները դրանով պիտի զբաղվեր, բայց ամեն անգամ իրան զանգում ենք ասում ա՝ կամ Երեւան եմ, կամ հիվանդանոցն եմ հետո կզանգեք։ Նորմալ հարցերին չեն պատասխանում, կամ էլ ասում են հերիք ա զանգահարեք»: