Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հաջորդ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպմանը կհայտարարի, որ Վարշավան պատրաստ է մեծացնել ռազմական ծախսերը: Այս մասին հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը:

«Նախագահը ցանկանում է ընդգծել անվտանգության հետ կապված մեծ ծախսեր ստանձնելու Լեհաստանի պատրաստակամությունը»,- ասել է Պավել Սոլոխը՝ նշելով Վարշավան շահագրգռված է դաշինքի արեւելյան թեւի անվտանգության ապահովման մեջ ՆԱՏՕ-ի երկրների ներգրավվածությամբ, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Նրա խոսքով՝ հիմա «Լեհաստանի պաշտպանական ծախսերը տատանվում են ՀՆԱ-ի 2 տոկոսի շուրջը», սակայն Վարշավան մտադիր է այն մեծացնել մինչեւ 2,5 տոկոս:

Դրանից զատ, նախագահ Անջեյ Դուդան նշել է հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու Լեհաստանի պատրաստակամության մասին, իսկ մանրամասները հայտնի կդառնան մեկ տարվա ընթացքում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելու եւ ահաբեկչության դեմ պայքարի դաշնային ռազմավարության աշխատանքի շրջանակում:

Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը հավելել է, որ հանդիպմանը կբարձրացվի նաեւ Վարշավայում կայացած անցած տարվա գագաթնաժողովի դրույթների կատարման հարցը: