«Դեպքից անցել է 8 օր, ո՛չ ինձ եւ ո՛չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել»: Այս մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու գլխավոր դատախազին ուղղված բաց նամակում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Նարեկ Օսեյանի գրությանը, որը  Զարուհի Փոստանջյանից խնդրել էր նյութեր տրամադրել Երեւանի ավագանու ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպի մասին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր մատնանշած դեպքը հեռարձակվել է ուղիղ եթեր, եւ ինձ պարզ չէ իմ դատավարական կարգավիճակը` Ձեր խնդրանքը գնահատվում է ոչ իրավաչափ։ Մայիսի 14-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ես եւ իմ վստահված անձը` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետեւանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել բուժհաստատություն: Դեպքից անցել է 8 օր, ո՛չ ինձ եւ ո՛չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել»,- նշել է Զարուհի Փոստանջյանը։

Նա նաեւ հայտնել է, որ մայիսի 22-ին,  իր քրոջը՝ Մարինե Փոստանջյանին զանգահարել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից եւ  «հրավիրել հարցաքննության` 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի անցկացման հետ կապված»:«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիրը վստահություն է հայտնել,  որ քննիչները «կատարում են ապօրինի հրամաններ՝  գործելով ՀՀԿ-ի ապօրինի կարգադրություններով»։