Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրեց զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության  (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել եւ հանձնաժողովին ներկայացրել էին գինեգործությանը, սննդի ծառայություններին  եւ հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը:

«Այս տարի սա արդեն 10-րդ դասընթացն է: Տարվա սկզբից մինչեւ հիմա բոլոր դասընթացներին մասնակցած մոտ 150 սկսնակներից 15-ը ֆինանսավորվել է եւ ստեղծել նոր ձեռնարկություն: Հույս ունեմ՝ այս խմբի գաղափարների հեղինակների մեծ մասը նույնպես ֆինանսավորում կստանա»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Դասընթացն անցկացվել է «Մեկ գյուղ, արտադրանք» ճապոնական ավանդական գաղափարախոսության հիման վրա:  ««Մեկ գյուղ, մեկ արտադրանքը» տեղական տնտեսական զարգացման մեթոդ է, որի հիմքում ընկած է տեղական մշակույթի, ավանդույթների, առանձնահատկությունների ամբողջական իրացումը: Ես վստահ եմ, որ այց դասընթացի մասնակիցներն ամբողջապես հասկացել են գաղափարախոսությունը»,- ասաց հայ-ճապոնական ծրագրի խորհրդատու Ռյուիջի Սենոն:

Դասընթացի մասնակիցներից Աննա Ղազարյանը նպատակ ունի ավելացնել Արենիի հյուրատների ցանկը եւս մեկով: «Ես արդեն ունեմ չրագործությամբ զբաղվելու փորձ: Իմ արտադրած չրերը վաճառում եմ տարբեր հյուրատներին: Մտածեցի՝ ինչու չստեղծեմ իմ սեփականը, հատկապես, որ շինությունն արդեն կա»,- ասում է տիկին Աննան: Նա շատ գոհ է դասընթացի արդյունքներից եւ հույս ունի ստանալ հավելյալ եկամուտ՝ նոր հյուրատունը հիմնելով:

Հայ-ճապոնական համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է  2013 թ. մարտին: Առաջին փուլն իրականացվել է մինչեւ 2015թ․ մարտ, երկրորդ փուլը սկսվել է 2016թ. օգոստոսին: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը եւ տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը: