Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին մթերային խանութի փլուզման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: NEWS.am-ի հետ զրույցում խանութի պայթյունի հետեւանքով կնոջը կորցրած, խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշեց, որ իր խանութը գազաֆիկացված չի եղել. խանութի կողքով գազի ստորգետնյա խողավակ է անցել, որից էլ գազի արտահոսք է եղել եւ լցվել խանութ, գյուղի դպրոց եւ խանութի կողքի բնակելի տուն:
«Խանութը գազաֆիկացված չի եղել, խանութից 5 մետր հեռավորության վրա գազի ստորգետնյա խողովակ է անցել, որից արտահոսք է եղել: Գազի տրուբան սվարկի տեղից բացվել ա, հողի տակից լցվել է մեր խանութը, դպրոցն ու հետեւի տունը: Եթե մեր խանութը չպայթեր, կարող է դպրոցը պայթեր, կամ տունը: Լոմով հողին էինք խփում, գազ էր դուրս գալիս, կարայիր կոֆե եփեիր»,-ասաց Գագիկ Ալոյանը:
Նախնական վարկածով խանութի պայթյունի պատճառը եղել ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքը: Քրեկան գործի նախաքննության շրջանակում համապատասխան մասնագետների մասնակցությամբ փլուզված շինության հարակից տարածքներում տեղանքի զննում է կատարվել, պարզվել է, որ ստորգետնյա գազատար խողովակ է անցնում այդ տարածքով: Նաեւ պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք, նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը: Վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար Կոտայքի մարզային քննչական վարչության պետք գազի գրասենյակի Կոտայքի մարզի տնօրենին, որպեսզի դադարերցնեն տվյալ տարածքի գազամատակարարումը եւ լրարցուցիչ մասնագետներ տրամադրեն ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու, տեղուոմ վերացնելու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքներ դեռ պարզ չեն:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, մշակվել մի քանի աշխատանքային վարկածներ՝ խանութի փլուզման պատճառների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ։































