Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Լեհաստանը մտադիր է բարձրացնել պաշտպանական ծախսերն ապահովելու համար դաշինքի անդամ երկրներին միջոցների հատկացման մակարդակի հարցը: Երկրորդ թեման, որի վրա Լեհաստանի իշխանությունները ցանկանում են հրավիրել դաշնակիցների ուշադրությունը, ՆԱՏՕ-ի, այսպես կոչված, արեւելյան թեւի ուժեղացումն է: Այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը հայտարարել է Լեհաստանի ռադիոյի եթերում:

Մացերեւիչն ընդգծել է, որ լեհական կողմը ՆԱՏՕ-ի անդամներից երաշխիքներ կպահանջի այն առնչությամբ, որ Ռուսաստանի կողմից ագրեսիան երբեք չի ընդունվի: Նա հավելել է, որ Լեհաստանը հույս ունի գործիքներ ստանալ, որոնք հնարավորություն կտան մշտապես զսպել ցանկացած հակառակորդի: Նա նաեւ ընդգծել է երկրում ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորքերի ներկայության անհրաժեշտությունը:

«Այսօր մեզ համար ամենակարեւորը պաշտպանությունն է, որը հնարավոր է Լեհաստանի տարածքում երկարատեւ ժամկետով ինչպես ԱՄՆ բանակի, այնպես էլ դաշինքի մյուս անդամ երկրների բանակների տեղակայման շնորհիվ»,- ասել է նա:

Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հինգշաբթի՝ մայիսի 25-ին, լեհական պատվիրակությունը կղեկավարի երկրի նախագահ Անջեյ Դուդան: Պատվիրակության կազմի մեջ կմտնեն նաեւ ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին եւ պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը: