Ահաբեկչությունը կարելի է հաղթել միայն միջազգային մակարդակի վրա համատեղ ջանքերով։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ նախագահ Սեբաստիան Կուրցը, մայիսի 23-ին Վիեննայում բացելով ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համաժողովը, որը ԵԱՀԿ-ն է կազմակերպել, փոխանցում է DW-ը։
Կուրցի խոսքով, նման միջազգային համագործակցությունն ապագայում ավելի զգալի կդառնա, քան նախկինում, այդ թվում ահաբեկիչների ֆինանսական ուղիները կանխելու համար։ Սեբաստիան Կուրցը նաեւ կոչ է արել հատուկ ջանքեր գործադրել երիտասարդության ապաարմատականացման համար։ «Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, վերջ տալու համար ահաբեկչության քարոզչությանը սոցցանցերում ու համացանցում»,- շեշտել է այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։ Միաժամանակ եվրոպացիները պետք է ձգտեն շարունակել իրենց սովորական կենսակերպն ու թույլ չտան ահաբեկել իրենց։ «Խուճապը սխալ արձագանք է»։
Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մանչեսթերում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։





























