ԻՊ խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալը «ուժեղ ազդանշան է», հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 25-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդուհանդերձ, պետք է հստակ լինի, որ ՆԱՏՕ-ի նման քայլից հետո Գերմանիան որեւէ այլ լրացուցիչ հանձնառություններ չի ունենա, նախազգուշացրել է Մերկելը։
Մերկելը նաեւ գոհունակություն է հայտնել, որ դաշինքի անդամ երկրները միաձայն հաստատել են, որ «ՆԱՏՕ-ն ընդհանուր անվտանգության հիմնական հենասյունն է»։ Միաժամանակ նա շեշտել է ՆԱՏՕ-ում Գերմանիայի ավանդը, մասնավորապես Բալթյան երկրների օդային տարածքում իրականացվող պարեկությունն ու Աֆղանստանում առաքելությոնը։
ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կազմում 69 երկրներ են, որոնք տարբեր չափով են ներգրավված ԻՊ-ի դեմ գործողություններին եւ տարբեր առաջադրանքներ ունեն։ Գերմանիան չի մասնակցում ԻՊ-ի դեմ ուղիղ մարտական գործողություններին, բայց կոալիցիային մատակարարում է «Տոռնադո» հետախույզ- օդանավեր, AWACS հետախուզական համալիրներ նաեւ զենք՝ Իրաքի քրդերին։





























