«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր՝ նախկին ՀՀԿ–ական Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը նախորդ շաբաթ մանդատները վայր դնելու դիմումներ էին ներկայացրել Աժ նախագահին։ Նրանք այն ութ պատգամավորների թվում էին, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները եւ ստացան մանդատները։ Ըստ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի՝ մանդատները վայր դրած պատգամավորներին փոխարինելու են Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը: