ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հունիսի 5-ին, եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:

Այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի  նախարար Լեոնիդ Զայացի հետ, կքննարկվեն գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կնախանշվեն հետագա փոխշահավետ համագործակցության կոնկրետ ուղղություններ:

Նախատեսվում են նաեւ հանդիպումներ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների հետ: