Արմավիրի մարզում հունիսի 12–ին կարկտահարության հետեւանքով գյուղացիների կրած վնասի արձանագրությունները դեռեւս չեն ամփոփվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
Մարզպետն ասաց, որ հանձնարարել է գյուղապետերին արձանագրեն վնասի չափը եւ ներկայացնեն մարզպետարան։
«Դեռեւս ոչինչ չի ամփոփվել։ Հանձնարարված է գյուղապետերին հանձնաժողովներով արձանագրեն տվյալները, հասցված վնասի վերաբերյալ արձանագրությունը 3–4 օրում ներկայացնեն մարզպետարան»։
Ղահրամանյանը նշեց, որ շրջել է մարզի համայնքներով, տեղյակ է՝ կարկտահարության հետեւանքներին։ Գյուղացիների կրած վնասի մասին դիմումներն ամփոփելուց հետո նոր միայն փոխհատուցման առաջարկություններով կդիմեն կառավարությանը։
«Ես համապատասխան ղեկավարության հետ խոսել եմ եւ սպասում ենք, որ արդյունքները ամփոփենք, որ մեր առաջարկություններով գնանք կառավարություն»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը։
Հարցին, թե որքանով է փոխհատուցվել նախորդ տարվա կարկտահարության վնասը, պատասխանեց. «Անցած տարի ջրի վարձի խնդիրը փոխհատուցվել է, մյուս խնդիրները նորից կքննարկվեն»։





























