Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսակներ են հայտնվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լիտվայի դեսպանն իր խոսքում ասել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առեւտրաշրջանառություն տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաեւ Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսակներ տեսնել»:
Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:
«Մեզ համար կարեւոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկրների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռեւս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ զբոսաշրջության զարգացմանը։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:




























