Wikileaks կայքը, որ մասնագիտանում է գաղտնի փաստաթղթերի տարածմամբ, համաշխարհային առաջատար պարբերականների միջոցով նոյեմբերի 28-ի երեկոյան հրապարակել է ԱՄՆ դիվանագետների ավելի քան 250 հազար նամակներ:
Հրապարակած թղթակցությունը ներառում է տվյալներ ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության, համաշխարհային առաջնորդների բնութագրի եւ նրան հետ կապված կոռուպցիոն երեւոյթների մասին: Տեղեկատվությունը հասանելի է իսպանական El Pais, ֆրանսիական Le Monde, գերմանական Der Spiegel, բրիտանական The Guardian եւ ամերիկան The New York Times պարբերականների կայքերում:
Այդ նամակներն ու հաղորդագրությունները 2006-2010 թվականներին կամ ստացել են ԱՄՆ դեսպանատները, կամ ուղարկել են:
Գաղտնազերծած փաստաթղթերում, մասնավորապես, խոսվում է կազմակերպված հանցավորության հետ Ռուսաստանի կառավարության հնարավոր կապերի, բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի անպարկեշտ ու վարկաբեկող վարքի, Եմենում Ալ Քայիդայի դեմ ԱՄՆ գաղտնի գործողությունների, Իրանի դեմ ԱՄՆ-ի միջոցով ռազմական հարված իրականցնելու Սաուդյան Արաբիայի եւ այլ արաբական երկրների ձգտումների մասին: Փաստաթղթերի համաձայն, Սաուդյան Արաբիայից բացի, այլ արաբական երկրներ եւս ԱՄՆ-ին գաղտնի կոչ են արել ռազմական ճանապարհով միջամտել Իրանի ներքին գործերին:
Գաղտնազերծած նամակներում ամերիկացի դիվանագետները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանում են «ալֆա-որձ», Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային`«պարանոյիկ», Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` «ռիսկից խուսափող եւ կրեատիվություն հազվադեպ դրսեւորող». Հաղորդագրություններից մեկում Իրանի նախագահն ուղղակիորեն համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ:
Wikileaks-ի հրապարակած նյութերում հիշատակվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն «ինքն է տեսել, թե ինչպես է Դմիտրի Մեդվեդեւն ընդունում որոշումներ, որոնք նախքան կյանքի կոչվելը պահանջում են հետագա հաստատում»:
Փաստաղթղի համաձայն Ալիեւը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը շրջապատված է մարդկանցով, որոնց նա չի վերահսկում:
Ադրբեջանի նախագահը համարում է, որ Մեդվեդեւի որոշումները, հավանաբար, հաստատվում են վարչապետի գրասենյակում: Ալիեւի կարծիքով, Մեդվեդեւի եւ Պուտինի թիմերի միջեւ գոյություն ունի լուրջ առճակատում, որը սակայն դեռ չի նկատվում Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ:
Ամերիկացի դիվանագետներն իրենց հաղորդագրություններում, արդեն սեփական կարծիքն արտահայտելով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին անվանում են վարչապետ Վլադիմիր Պուտինի քաղաքական պատանդ:
WikiLeaks-ի հրապարակած թղթակցությունում Մեդվեդեւը բնութագրվում է որպես , «Ռոբինը Բեթմեն-Պուտինի կողքին», հաղորդում է «Эхо Москвы»-ն.
Հիշեցնենք, որ «Բեթմենն ու Ռոբին» կինոնկարում սուպերհերոսը օգնական է վերցնում կրտսեր եւ անփորձ Ռոբինին:
Wikileaks-ի հրապարական ԱՄՆ կառավարության փաստաթղթերը դարձան համաշխարհային դիվանագիտության յուրօրինակ սեպտեմբերի 11-ը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին:
Ամերիկացի դիվանագետները Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին անվանում են «սեռապես մտահոգված» անձանվորություն. Բացի այդ նշվում է, որ Բեռլուսկոնին դարձել է Պուտինի գործիքը Եվրոպայում:
Ֆրանկո Ֆրատինիի խոսքով, Wikileaks-ի արտահոսքից հետո համաշխարհային դիվանագիտության բոլոր նորմերը փոխվեցին:
Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը գաղտնազերծման առիթով հայտարարել է, որ հրապարակված տեղեկատվությունը վտանգավոր դրության մեջ է գցում դիվանագետներին, հետախույզներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են ԱՄՆ-ի կառավարության հետ` ամբողջ աշխարհում դիվանագիտության եւ կառավարությունների աշխատանքի թափանցիկության ապահովման համար:





























