Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային շարժման երիտասարդական թեւի համաժողովը, որի ժամանակ ՀՀՇ երիտթեւի նախագահ է ընտրվել 26-ամյա Բաբկեն Ուռուտյանը` մասնագիտությամբ բժիշկ: Նա ՀՀՇ-ի Մարալիկի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին է:

ՀՀՇ երիտասարդական կառույցի ղեկավարի տեղակալ է ընտրվել Ռուբեն Աղաբաբյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Լիլիթ Մելքոնյանը:

ՀՀՇ երիտթեւի համաժողովի ժամանակ ընդունել է նաեւ բանաձեւ, որն առաջիկա մեկ տարվա համար ուղեցույց կլինի երիտթեւի համար:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր Կարեն Կարապետյանը: Նա մի քանի ամիս առաջ հրաժարվել էր նաեւ ՀՀՇ մամուլի խոսնակի պաշտոնից:

ՀՀՇ վարչության նախագաի Արամ Մանուկյանը Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ կապված նշել էր, որ նա հրաժարական է տվել տարիքի հետ կապված եւ այդ քայլում որեւէ քաղաքական ենթատեքստ չկա:

Նշենք նաեւ, որ ՀՀՇ երիտասարդական թեւի համաժողովին ներկա է եղել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել: