Ղազախաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ քննարկել համանախագահների այցը Ադրբեջան եւ Հայաստան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին:

«Մենք պատմեցինք այն հանդիպումների մասին, որ ունեցել ենք վերջին օրերին Բաքվում եւ Երեւանում: Այն մասին, թե ինչպես է ընթանում հիմնարար սկզբունքների մշակման աշխատանքը»,- ասել է Պոպովն Աստանայում կայացած հանդիպումից հետո: «Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հարթակ կդառնա հայ եւ ադրբեջանական կողմերի միջեւ երկխոսության շարունակման համար»,- ասել է դիվանագետը:

ԵԱՀԿ գագաթնաժողովը կայանալու է Աստանայում՝ դեկտեմբերի 1-2-ին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նոյեմբերի 25-26-ին կայացել է միջնորդների այցը Ղարաբաղ, դիվանագետները հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ: