Հակամարտությունները կանխող ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը կարծում է, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովը դրական ազդակ կդառնա ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։
«Չարժե սպասել, որ հարցը կլուծվի այս գագաթաժողովի շրջանակներում, բայց գոնե կարելի է հույս ունենալ դրական մթնոլորտի հաստատման առումով»,- ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին Աստանայում ասել է Զալբերը:
Նրա խոսքով, կողմերն իրենք պետք է լուծեն այս հարցը, «իսկ մենք մեր կողմից կարող ենք միայն աջակցել», հայտնում է Kazakhstan Today-ը:
«Պետք է իրատեսորեն վերաբերել այս հակամարտությանը, որը 20-ամյա պատմություն գնացող արմատներ ունի»,- ասել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող երկար շարունակվել, կողմերը պետք է համաձայնության գան փոխզիջումների հիման վրա, կարծում է Զալբերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 25-26-ը ԵԱՀԿ համանախագահները այցելել էին տարածաշրջան, ուր դիվանագետները հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
Երեւանում լինելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը եւ Ռոբերտ Բրադկեն Երեւանի հետ բանակցությունների արդյունքների մասին Ադրբեջանին տեղեկացնելու համար կրկին վերադարձել էին Բաքու:
ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Երեւանից մեկնել էր Փարիզ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում կկայանա դեկտեմբերի 1-2-ը: Գագաթաժողովի ընթացքում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:





























