Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է գերակա ուղղություն, սակայն լուրջ քայլեր այդ ուղղությամբ չեն կատարում։ Իսկ հայտարարված 15-20 տոկոս աճը բավարար համարել չի կարելի՝ համեմատած հարեւան երկրների 200-300 տոկոս աճի հետ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ավարայր տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ Արկադի Սահակյանը։
Նրա խոսքով՝ հայ ոստիկանները չեն կարողանում անգլերեն պատասխանել զբոսաշրջիկների հարցերին, ինչը պարտադիր պայման է զբոսաշրջության կենտրոններում։
Հայաստան այցելող զբոսաշրջիկներն իրենց առաջին տպավորությունը ստանում են օդանավակայանում ու մաքսատանը, որտեղ նրանց դիմավորում են չսափրված, ուռած աչքերով մաքսավորներն ու ոստիկանները, որոնց սիրած արտահայտություններն են. «Դուրներդ չի գալիս՝ գնացեք ձեր երկիր» կամ՝ «Հայաստանը ջրի ճամփա եք սարքել»։ Նման վերաբերմունքով, ըստ զբոսաշրջային ընկերության ղեկավարի, Հայաստանը բացասական տպավորություն է թողնում այցելուների վրա։





























