«Իմ մայրը՝ Քադաֆիի սիրուհի՞. դա ապուշություն է: Նա երբեք այդ մասին չի պատմել»: Այսպես է մեկնաբանել Գալինա Կոլոտնիցկայի 20-ամյա դուստրը՝ Տատյանան:
Ամերիկյան դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինուհի «շքեղ շիկահեր» Գալինա Կոլոտնիցկան ահռելի ազդեցություն ունի Լիբիայի առաջնորդ Քադդաֆիի վրա: «Շքեղ շիկահերի» բնակարանն Ուկրաինայում խրուշչեւյան նախագծի մի շենքում է, գրում է «Սեգոդնյա» պարբերականը, որը զրուցել է բուժքրոջ դստեր հետ:
«Մայրս ուղղակի աշխատում է Քադաֆիի մոտ որպես բուժքույր: Ստացածը բավարարում է, նաեւ օգնում է ինձ: Ես սովորում եմ Կիեւի ազգային համալսարանում, արաբերեն եմ ուսումնասիրում»,- ասել է Տատյանան: Նա նշել է, որ իր մայրը Լիբիա է մեկնել 9 տարի առաջ, որտեղ աշխատել է հիվանդանոցում, ապա ծառայության անցել Քադաֆիի մոտ:
«Ես չգիտեմ, թե ինչպես է դա եղել: Նրա մոտ այլ ուկրաինուհիներ էլ են աշխատում: Մայրս գլխավորը չէ, այլ մեկն է նրանցից»,- ասել է աղջիկը եւ նշել, որ մոր աշխատանքը շատ բարդ է, հաճախ ստիպված է օրերով աշխատել:
Նշենք, որ համաձայն Wikileaks-ի հրապարակումների համաձան, «շքեղ շիկահերն ահռելի ազդեցություն ունի Քադաֆիի վրա»: Աղբյուրները նշում են, որ Քադաֆիի առողջությամբ զբաղվում են չորս ուկրաինուհի բուժքույրեր, բայց հենց Կոլոտնիցկան է, վայելում առավելագույն վստահություն:



























