Ոստիականությունը բացահայտել է սպանություն, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: Այդ օրը Աբովյանի «Զոնալ կայան» թաղամասում` երկաթգծի մոտ հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու դիակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 29-ին դիակի ինքնությունը պարզվել է. նա Աբովյան քաղաքի 53-ամյա բնակիչ, Գեղամ Պողոսյանն է:

Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանության ՔՀԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի եւ Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գ. Պողոսյանին Պտղնի գյուղի գերեզմանատան տարածքում ծեծելով սպանել է 34-ամյա Արտյոմ Ս.-ն, ապա դիակը տեղափոխել «Զոնալ կայան» թաղամասի երկաթգծի մոտ:

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.00-ին, Արտյոմ Ս.-ն ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Արտյոմ Ա.-ն ձերբակալված է: