ԼՂՀ պաշտպանության բանակում նոյեմբերի 19-ին արձանագրված՝ 4 մահվան ելքով միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներ ստացած զինվորների վիճակը գնալով լավանում է, նրանք ապաքինվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նշենք, որ նրանցից երեքը՝ Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը, Մասիս Մավրիկի Գրիգորյանը եւ Մանվել Արմենի Հազրոյանը հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել եւ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Իսկ Սարգիս Հակոբի Մելքումյանը Երեւանի Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Նրան նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:
ՊՆ քնչական ծառայությունից հայտնել են, որ գործով նախաքննությունը շարունակվում է եւ դեռեւս նոր բան չունեն հաղորդելու: Ի դեպ, ՊՆ-ն չէր հերքել նաեւ մամուլում հայտնված տեղեկությունը, թե Հազրոյանի մարմնում եղել է նաեւ իրեն չպատկանող զենքից արձակված այլ գնդակ:





























