Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վերջապես պարզաբանել է, թե ինչու են երկրի իշխանությունները խուսափում խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգից:
Նրա խոսքով, առայժմ դա նպատակահարմար չէ. մեծամասնականով ընտրված պատգամավորները որոշակի պարտավորություններ ունեն, ուստի ավելի լավ են պաշտպանում մարզերի շահերը, նաեւ լուծում տեղում առաջացած խնդիրները: Եթե մեծամասնական ընտրակարգը չլիներ, խորհրդարանում միայն երեւանցիներ կլինեին:
Ընդհանուր առմամբ, Պետրոսյանը լրջորեն ուրախացրել է լրագրողներին: Մասնավորապես խոսելով ընտրական օրենսգրքի մասին՝ հայտարարել է, թե ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները պետք է երդում տան: Այդ երդումը, ըստ նրա կխոչընդոտի կեղծիքներին եւ խախտումներին:
Նրա խոսքով, դրական է, որ հանձնաժողովները կազմված են լինելու արհեստավարժներից, այլ ոչ թե կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ դա դրական կլինի, քանի որ «պարտվածները ամբողջ ժամանակ ոռնում են կեղծիքների մասին», իսկ դա փչացնում է ընտրությունների ամբողջ պատկերը, նվազեցնում բնակչության վստահության մակարդակը:





























