Թբիլիսիի քաղաքային դատարանում հարցաքննել են Շորենա Տետրուաշվիլիին՝ Վրաստանի պատրիարքի ռեֆերենտ քարտուղարին, որի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրում են երեց Գեորգի Մամալաձեին, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
Ապրիլին Մամալաձեի փաստաբանը՝ Միխայիլ Ռամիշվիլին հայտարարել է, որ 2016 թվականին իր պաշտպանյալը հետաքրքրվել է թույնով, որը գնելու համար Տետրուաշվիլին 500 դոլար է հատկացրել։ Այս տարբերակը տարօրիկնակ չի թվում, եթե հաշվի առնենք, որ մինչ կալանավորվելը Մամալաձեն զբաղեցնում էր պատրիարքարանի գույքի կառավարման վարչության նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ գլխավորում էր Սուրբ Հովակիմի եւ Աննայի հիվանդանոցը։
Սակայն այսօր Տետրուաշվիլին հերքել է բոլոր տարբերակներն այն մասին, որ երբեւէ Մամալաձեին խնդրել է իր համար թունավոր նյութ ձեռք բերել։
«Շորենա Տետրուաշվիլիի ցուցմունքը եւս մեկ անգամ հաստատեց, որ մեղադրյալ Գեորգի Մամալաձեն անդադար խաբում է եւ քննչությանը, եւ դատարանին։ Մասնավորապես, նա ասել է, որ երբեք Գեորգի Մամալաձեից օձի թույն չի խնդրել եւ առավել եւս նրան երբեք այն գնելու համար 500 դոլար չի տվել»,-լրագրողներին ասել է դատախազ Զվիադ Գուբելաձեն։
Տետրուաշվիլին հերքել է նաեւ տարբերակը, որ Մամալաձեին խնդրել է ցիանիդ գնել ոսկերչական աշխատանքների համար։
«Շորենա Տետրուաշվիլիի ցուցմունքներով ապացուցվեց, որ նա երբեք Գեորգի Մամալաձեից չի խնդրել ոչ կալիումի ցիանիդ, ոչ նատրիումի ցիանիդ։ Այդ նյութն անհրաժեշտ չէր ոչ ոսկերիչի, ոչ ինքնասպանության համար»,- ընդգծել է դատախազը։




























