Հնդկաստանի գերագույն դատարանը չի թույլատրել աբորտ անել 10-ամյա աղջկան, որին բռնաբարել էր նրա հորեղբայրը, հայտնում է BBC-ն։

Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ 32-րդ շաբաթում հղիության ընդհատումը «չափից վտանգավոր է» առողջության համար։

Աղջկա հղիությունը հայտնաբերվել է ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ աղջիկը բողոքել է որովայնի մասում ցավերից, ու ծնողները նրան հիվանդանոց են տարել ։

Դատարանը խնդրել է բժշկական կրթության կառավարական ինստիտուտին ու տեղի հիվանդանոցին ճիշտ բժշկական սպասարկում ապահովել։

 Դատարանը նաեւ առաջարկել է, որ Հնդկաստանի կառավարությունը յուրաքանչյուր նահանգում ստեղծի մշտական բժշկական հանձնաժողով ՝ նման դեպքերի համար շտապ որոշումներ կայացնելու համար։

Դատավճռից առաջ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որում ներկայացրել էր բժիշկների եզրակացությունն այն մասին, որ աղջկա կոնքերի ոսկորները բավականաչափ զարգացած չեն նրա տարիքի պատճառով ու երեխայի ու մոր կյանքը վտանգված են։ «Բժշկական փորձագետները կարծում են, որ եթե 10-ամյա երեխան ստիպված լինի ծննդաբերել, դա կարող է ճակատագրական լինել թե նրա, թե երեխայի կյանքի համար»,- նշվում էր միջնորդության մեջ

Աղջիկն աղքատ ընտանիքից է։ Նրա հայրը պետծառայող է, իսկ մայրը տնտեսվարուհի։ Աղջիկը հավաստիացնում է, որ վերջին յոթ ամիսներին նրան բռնաբարել էր հորեղբայրը, որին արդեն կալանավորել են։ Նրա հղիությունը նոր է հայտնաբերվել, քանի որ նա ինքը չէր կասկածում իր վիճակի մասին։