Շուկայում կհայտնվեն գերմանացի մսագործ Պետեր Կլասենի մսային ըմպելիքները։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը։
Ըմպելիքները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերից, Գերմանիայում։ Կլասենի խոսքով՝ ինքն արդեն պայմանագրեր է կնքել Լյուքսեմբուրգում, Բելգիայում եւ Ֆրանսիայում արտադրողների հետ։
«Մենք մեծ հետաքրքրություն ենք նկատում։ Նման բան նախկինում գոյություն չի ունեցել»,- նշել է մսագործը։
Ներկայում Կլասենը երեք տեսակի ըմպելիք է մշակել՝ «Սթեյք», «Բոմբեյի տավարի միս» եւ «Արքայական հավ»։ Ըմպելիքը պատրաստելու համար միսն ու բանջարեղենը եփում են արգանակի մեջ եւ մանրացնում՝ վերածելով խյուսի։ Դրանից հետո հեղուկը շշալցում են։
55-ամյա մսագործի խոսքով՝ սառեցված ըմպելիքը կարող է պահպանվել մեկ տարի։




























