Այն, որ Հայաստանը դեռեւս հետ չի վերցրել իր ստորագրությունը հայ-թուրքական արձնագրություներից նշանակում է, որ այդ արձանագրություները դեռեւս ողջ են: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու պատճառը եղել է այն, որ իրենք տեղյակ չեն եղել 2009-ի ապրիլի 22-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին:
Ինչ վերաբերում է կոալիցիա կրկին վերադառնալու հեռանկարներին եւ առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունների հետ գործակցությանը, ապա, ըստ Մանոյանի. «Եթե խոսքը կոալիցիա վերադառնալու մասին է, այսպիսի ոչ մի խոսակցություն չկա: Կուսակցությունն, ընդհակառակը, որոշել է իր ուղին եւ գնում է: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ գործակցությանը, ապա մենք նույնիսկ ՀՀՇ-ի օրոք եւ ՀՀՇ-ի հետ գործակցել ենք արտաքին ճակատում, երբ կուսակցությունը եւ մեր ընկերներից ոմանք փակված էին: Մեզ համար արտաքին ճակատը արտաքին ճակատ է՝ այսօր կարող է լինել դիվանագիտություն, վաղը կարող է լինել ռազմական գործողություն: Եւ արտաքին ճակատի վրա մեր քաղաքական հաշիվներով չգործակցելն այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց Մանոյանը հավելելով, որ ՀՅԴ-ն այսօր էլ աշխատում է Հայաստանի պետության համար:
Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն հարցում ինչպիսի կեցվածք ունի իշխանությունը՝ ճի՞շտ, թե՞ սխալ, ՀՅԴ-ն հաշվի առնելով երկրի հետ կապված խնդիրների յուրահատկությունը, աշխատում է դրանց ուղղությամբ: Իսկ վերջին համագործակցությունը եղել է ՄԱԿ-ում, երբ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վերաբերյալ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված բանաձեւը հետ կանչվեց:





























