Հայաստանի ժողովրդական կուսակցությունն անելու է ամեն ինչ, որպեսզի երկրում առանց ցնցումների արձանագրվեն դրական փոփոխություններ, իսկ ընտրությունները պարբերաբար կեղծած իշխանությունները պետք է շտապ հեռանան: Այդ մասին ՀԺԿ 7-րդ համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ կեղծված ընտրությունների բացասական հետեւանքը հնարավոր է չեզոքացնել միայն արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհով, ընդդիմության հետ երկխոսելու միակ ձեւը արդար ընտրությունների անցկացումն է:
Իր ընդարձակ ելույթում Դեմիրճյանն անդրադարձավ նախորդ բոլոր ընտրություններին՝ նշելով, որ դրանք բոլորն էլ կեղծվել են, իսկ մասնավորապես նախագահական վերջին ընտրությունների կեղծումը հանգեցրին մարտի 1-ին:
«Միանշանակ է, որ մարտի 1-ի կազմակերպիչը իշխանություններն են, որ, հավատարիմ մնալով իրենց երկարակեցությունն ապահովելու սկզբունքին, բռնություններ իրականացրին խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասել է Դեմիրճյանը: ՀԺԿ առաջնորդը նկատել է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաեւ մարտի 1-ը:
Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ընթանում է ՀԺԿ 7-րդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների առաջնորդները: Այլ քաղաքական ուժերից համագումարին ներկա է միայն «Ժառանգությունը», որը ներկայացնում են Արմեն Մարտիրոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը:




























