«Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը մարելու համար հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ:

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ եւ անտառածածկ տարածք:

«Խոսրովի անտառում» օգոստոսի 14-ին ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: