Արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաեւ մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության եւ պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաեւ մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված եւ ընթացիկ աշխատանքները:
Նախարար Տոնոյանը զեկուցել է նաեւ հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:
Նախագահը օգոստոսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը, մինչ այժմ իրականացված եւ հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:




























