Խորհրդարանի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը դժգոհ է մնացել հանձնաժողովի  ներկայացրած եզրակացության վերաբերյալ իր գործընկերների առաջարկություններից եւ արձագանքներից։

Նրա խոսքով, հնչած ելույթներում կոնկրետ առաջարկություններ չկան, այլ միայն քաղաքական գնահատականներ են։ Դավիթ Հարությունյանը նշել է, որ քննարկումների ժամանակ ակտիվություն են ցուցաբերել հատկապես այն պատգամավորները, ովքեր չեն մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի նիստերին։ «Չնայած սրան՝ մեր աշխատանքը շարունանական կլինի, եւ ես իմ գործընկերներին կոչ եմ անում մասնակցություն ունենալ մոնիտորինգում։ Եթե մենք ուզում ենք արդյունքների հասնել, չպետք է բավարարվենք միայն քաղաքական առաջարկներով, այլ պետք է աշխատենք։ Այդ դեպքում ավելի կատարյալ Ընտրական օրենսգիրք կունենայինք եւ խոսքի ազատությունն էլ ավելի լավ կլիներ»,- նկատեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի միեւնույն  ձեւաչափով։ Նա նաեւ ընդգծեց, որ հանձնաժողովը բաց է ցանկացած ողջամիտ առաջարկության համար։