Երկուշաբթի Տիրենյան ծովում Իսկյա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Կազամիչոլա Տերմե քաղաքի շրջանում հողի մակարդակը նվազել է գրեթե 4 սմ-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իտալացի գիտնականներին:
Տեղանքի էլեկտրամագնիսական նկարահանումների ինստիտուտի հետազոտողների խումբն իր չափումները կատարել է եվրոպական Sentinel-1 եւ իտալական COSMO-SkyMed արբանյակների միջոցով: Տիեզերքից ստացած տեղեկությունների հիման վրա էլ պարզվել է երկրաշարժի էպիկենտրոնի մոտ բնահողի այսչափ նկատելի անկումը:
Իսկյա կղզում ստորգետնյա ցնցումը գրանցվել է օգոստոսի 21-ին, 2:58-ին: Նախապես Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտնել էր 3,6 մագնիտուդով երկրաշարժի մասին, սակայն կեսգիշերից հետո փորձագետներն իրենց գնահատականն ուղղել էին եւ հայտնել, որ մագնիտուդը կազմել է 4,0: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իսկյայի արեւմտյան ափի անմիջական մոտակայքում՝ ծովում, մոտ 5 կմ խորությամբ: Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա առաջին ցնցմանը հետեւել են մոտ 20 ավելի թույլ հետցնցումներ: Այս տարերային աղետի հետեւանքով զեհվել է 2 կին, 39 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 2,6 հազար մարդ զրկվել է տանիքից:
Sentinel-1 արբանյակները Երկրի բարձրճշգրտության ռադարային քարտեզներ են ստեղծում: Դրանց օգնությամբ նախկինում տեղեկություններ են ստացվել մի շարք երկրաշարժերի հետեւանքով բնահողի տեղաշարժման վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս գնահատել 2016 թվականին Հյուսիսային Կորեայի փորձարկած միջուկային լիցքերի հզորությունը:



























