ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Turan լրատվական գործակալության կալանավորված տնօրեն Մեհման Ալիեւին։ Այս մասին ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարությունում։
«Մենք խորապես անհանգստացած ենք երկրում միակ անկախ լրատվամիջոցի՝ Turan լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւին 3 ամսով կալանավորելու օգոստոսի 24-ի որոշմամբ։ Turan-ի նկատմամբ այլ սահմանափակումները, այդ թվում բանկային հաշիվների սառեցումը եւ հարկերից խուսափելու մեղադրանքները նույնպես անհանգստացնող են»,-նշել է Նաուերթը։
Նրա խոսքով, երկրի իշխանությունների նման գործողությունները հանգեցնում են երկրում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումների։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ մայիսին արգելափակվել է մի շարք լրատվական կայքերի հասանելիությունը, այդ թվում «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի հասանելիությունը։ Վաշինգթոնում դա «բացասական միտում» են անվանել։
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին եւ բոլոր նրանց, որոնք գտնվում են կալանքի տակ՝ իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար»,-ամփոփել է Նաուերթը՝ հիշեցնելով ԵԱՀԿ-ի հանդեպ Բաքվի պարտավորությունները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեհման Ալիեւին ազատ արձակելու եւ իր միջազգային պարտավորությունները հարգելու կոչով հանդես էին եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Նշենք, որ Բաքվի Յասամալի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Մեհման Ալիեւի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երեքամսյա կալանքը։ Նրան մեղադրում են հարկերից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեջ։
Turan անկախ գործակալությունը հիմնվել է 1990 թվականի մայիսին։ Այն նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անկախ լրատվական գործակալություններից մեկն է։



























