Ֆրանսիական Լավալում անհայտ այցելուն թանգարանին է նվիրել «միամիտ արվեստի» հիմնադիր Անրի Ռուսոյի նկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անանուն նվիրատուն թանգարանում եղել է օգոստոսի սկզբին եւ հիասթափվել, որ Անրի Ռուսոյի հայրենի քաղաքի հավաքածուում նրա միայն երեք աշխատանք կա: Նա վերադարձել է՝ թանգարանին փաթեթ փոխանցելու»,- AFP-ին հաղորդել է թանգարանի տնօրեն Անտուանետ Լը Ֆալյեն:

Փաթեթի հետ անծանոթը նաեւ նամակ է փոխանցել՝ բացատրելով նվերի շարժառիթը, ինչպես նաեւ նկարի իսկությունը հավաստող սերտիֆիկատ, որն արվեստագետ-փորձագետի կողմից ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերին:

32.7x46.8 սմ չափսով կտավը լավ վիճակում է եւ գյուղական բնապատկերի ֆոնին ձկնորսի է պատկերում: