ԱՄՆ հարավում մոտ 57 տրլն լիտր ջուր է թափվել տեղատարափ անձրեւների հետեւանքով, որն իր հետ բերել է «Հարվի» փոթորիկը:

Տեղումների քանակը չի ներկայացվել միլիմետրերով, այլ ծավալը նշվել է գալոններով եւ լիտրերով: Fox News  հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ տարածքում չորեքշաբթի օրվա վերջին փոթորկի հետեւանքով պետք է տեղա եւս մինչեւ 23 տրլն լիտր ջուր:

ԱՄՆ հարավում տեղումների քանակը կարող էր տեղավորվել Օլիմպիական խաղերի 27 մլն լողավազաններում:

Երեքշաբթի երկրի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ Թեխաս նահանգի քաղաքներից մեկում տեղումների քանակը ԱՄՆ մայրցամաքային հատվածում ռեկորդ է սահմանել: Մասնագետները գրանցել են, որ Մոնթ Բելվյու քաղաքի ջրանցքներից մեկում տեղումների քանակը երեքշաբթի օրվա կեսին հասել է 1320 մմ-ի: Սա երկրի մայրցամաքային հատվածում ամենամեծ ցուցանիշն է նման դիտարկումների ամբողջ պատմության մեջ: