Հայաստանում կրթական համակարգը թեկուզ բավականին անմխիթար վիճակում է, սակայն ոչ այնքան, որպեսզի հին խորհրդային համակարգին վերադառնալու անհրաժեշտություն առաջանա: Սեպտեմբերի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի կարծիքով՝ ժամանակակից իրականությունում անհրաժեշտ է հաշվի առնել տեղեկատվության փոխանցման արագությունը եւ նրա չափերը:

«Ինչպե՞ս էր հնարավոր այս ամենը հաշվի առնելով՝ մնալ այն կրթական համակարգով, որը գործել է 50 տարի առաջ: Այդ ժամանակ պետք է հաշվի առնվեր մեթոդաբանությունը…Սակայն դա հնացած համակարգ է»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ ցանկացած բան պետք է կարողանալ ճիշտ գնահատել եւ օգտագործել, սակայն իր ժամանակին:

Նա նշեց, որ արդի Հայաստանում այլեւս անհրաժեշտություն չկա կառչելու բարոյապես հնացած խորհրդային կրթական համակարգին: