Լոռեցի փրկարարն Ուռեկիում հանգստանալիս փրկել է վրացի փոքրիկի կյանքը:

1989 թվականից փրկարարի մասնագիտությունն ընտրած Աշոտ Կարապետյանը «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներից է: Աշխատանքի բերումով նա բազմիցս է մասնակցել փրկարարական աշխատանքների ու բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկեր: Բայց այն, որ աշխատանքային հմտություններն ստիպված կլինի օգտագործել նաեւ աշխատանքից դուրս, չէր պատկերացնում:

Ընտանիքով Վրաստանի Ուռեկի հանգստավայրի ծովափին հանգիստը վայելող Աշոտը նախօրեին ափից 20-30 մետր հեռավորության վրա լողացող տղային նկատել է, երբ նա լողալու ու ջրի երեսին մնալու անհաջող փորձեր էր անում:

Փորձառու փրկարարն անմիջապես նետվել է ջուրն ու օգնության հասել տղային: Կարճ ժամանակ անց տղայի՝ 12-ամյա Գեորգիի վիճակը կարգավորվել է, իսկ լոռեցի փրկարարին շնորհակալ են եղել ոչ միայն տղայի հարազատները, այլեւ ծովափին հանգստացողները:

«Մեր գործն է այդպիսին, հանգստանալիս էլ չենք մոռանում, որ փրկարար ենք»,- ասում է Աշոտը:

Գործընկերոջ սխրանքով հպարտանում են նաեւ գործընկերները՝ «Լոռէ» փրկարարական ջոկատից ու կատակում. «Ա՛յ այսպես էլ հանգստանում ենք»: