Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Դանիայի ԵՄ ներկայացուցչությունում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք պետնախարարից հետաքրքրվել են նաեւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ճակատագրով, ինչին ի պատասխան, Բաղըշը կրկնել է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, անհնար է, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:
«Սակայն թուրքերը հայերի նկատմամբ ատելություն չունեն։ Հայաստանում տնտեսական ծանր դրության հետեւանքով քաղաքացիները հեռանում են երկրից։ Բնակչության համարյա կեսը հեռացել է Հայաստանից: Շուրջ 70 հազար Հայաստանի քաղաքացիներ անօրինական ձեւով աշխատում են Թուրքիայում: Մենք դրա վրա աչք ենք փակում։ Նրանց մեծ մասն աշխատում է երեխա խնամող։ Այսինքն, մեր ամենամեծ հարստությունը՝ մեր երեխաներին վստահում ենք հայ դայակներին։ Եթե մեր սրտում ատելություն լիներ, ինչպե՞ս նման կերպ կվերաբերվեինք»,-շեշտել է թուրք պետնախարարը:





























