Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունները շարունակում են սրվել: Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշություն ցուցաբերել Գերմանիա մեկնելիս, քանի որ «ընտրությունների նախաշեմին աճել են հակաթուրքական տրամադրությունները»:
«Գերմանիայի քաղաքական վերնախավի քարոզարշավը հիմնված է հակաթուրքական տրամադրությունների վրա եւ խոչընդոտում է ԵՄ-ին մեր անդամակցությանը: Քաղաքական մթնոլորտը աջ արմատական եւ անգամ ռասիստական հռետորաբանության ազդեցության տակ է: Գերմանիայում ապրող կամ այնտեղ մեկնել պատրաստվող Թուրքիայի քաղաքացիները պետք է զգուշավորություն ցուցաբերեն հնարավոր միջադեպերի, քսենոֆոբ վարքի կամ ռասիստական վիրավորանքների դեպքում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:
Նշենք, որ անցյալ հանգստյան օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ինքը փորձելու է վերջ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններին, ինչն էլ առաջ էր բերել Անկարայի զայրույթը: Այս հայտարարությանը նախորդել էին Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունները, ինչի հետեւում Բեռլինը քաղաքական դրդապատճառներ է տեսնում:




























