Գերմանիայի Հերքսհայմ քաղաքի բողոքական եկեղեցին որոշել է այլեւս չօգտագործել կեռախաչով զանգը՝ նեոնացիստների ուշադրությունը չհրավիրելու համար, ասված է եկեղեցու հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ն:
Սուրբ Հակոբ եկեղեցին ունի եւս 2 զանգ՝ առանց նացիստական գրությունների, որոնք էլ կշարունակի գործածել:
Զանգը, որն հիմա այլեւս չի ղողանջում, 1934 թվականի է: Դրա վրա փորագրված է կեռախաչ եւ «Ամեն ինչ՝ հանուն հայրենիքի. Ադոլֆ Հիտլեր» գրությունը: Մինչ վերջերս զանգը հնչում էր ամեն քառորդ ժամը մեկ եւ 700 բնակիչ ունեցող բնակավայրում ազդարարում էր հարսանիքների ու հուղարկավորությունների մասին:
Սկանդալը ծագել էր 2017-ի ամռանը, երբ եկեղեցում նվագող երաժիշտը պահանջել էր այլեւս չհնչեցնել այդ զանգը: 2017-ի օգոստոսին Հերքսհայմի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել զանգի ճակատագիրը փորձագետներին հանձնելու որոշմանը: Զանգի շուրջ վեճերի պատճառով հրաժարական էր տվել անգամ քաղաքապետ Ռոնալդ Բեքերը, որը կողմ էր արտահայտվել զանգի հետագա շահագործմանը:




























