Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ձեւաչափը կարելի է օգտագործել նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման համար, Գերմանիան պատրաստ է դրան մասնակցել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է սեպտեմբերի 10-ին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հարցազրույցի ժամանակ:
«Եթե բանակցություններին մեր մասնակցությունը պահանջվի, ապա ես անմիջապես կհամաձայնվեմ»,- ասել է նա:
Մերկելը հիշեցրել է, որ Իրանի հետ բանակցությունները, որոնք սկսվել են դեռեւս իր դաշնային կանցլեր դառնալուց առաջ, հաջողությամբ ավարտվել են միայն 2015 թվականին: «Մինչեւ այդ երկար ժամանակ կարեւոր դերակատարում է ունեցել դիվանագիտությունը: Կարող եմ նման ձեւաչափ պատկերացնել նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտության կարգավորման համար: Եվրոպան, առանձնապես Գերմանիան, պետք է պատրաստ լինի դրան ակտիվորեն մասնակցելու համար»,- ասել է Մերկելը: Նա հերթական անգամ նշել է, որ հակամարտությունը միայն դիվանագիտական լուծում ունի, այլ ոչ ռազմական:




























