Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարվա աշխատանքում գնահատելու բան չկա: Նա սահմանափակված է իր գործունեության ծավալներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Վարչապետի մեկ տարին, երբ համեմատում ես նախորդների հետ, տեսնում ես, որ գնահատելու բան չկա: Կարապետյանը սահմանափակված է իր գործունեության ծավալներով, եւ դա է պատճառը, որ, մեկ տարի վարչապետ լինելով հանդերձ, Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս չի եկել: Ներքաղաքական առումով ինքն է իրեն սահմանափակել կամ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ ինքը ապահովի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում եւ ինքը գործընթացն անում է հաճույքով, նվիրումով, եռանդով, հակված էլ չի իր թկենածությամբ հանդես գալու»:
Արամ Սարգսյանը հիշեցրեց նախընտրական շրջանում Կարեն Կարապետյանի շռայլ խոստումները, որոնք մնացին թղթի վրա:
«Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա նա անձնական խնդիրներ ունի, քանի որ փորձեց նախաձեռնություններ ներդրումների առումով, ամբողջ քարոզարշավի ժամանակ հայտարարեց 3.5 միլիարդ ներդրում է լինելու, նա չէր ալարում դա կրկնել ողջ հանրապետության տարածքում ունեցած ելույթներում, իսկ այս տարվա մեջ պետք է 850 միլիոնի ներդրում աներ, բայց արդեն 8-րդ ամիսն է՝ 36 միլիոն դոլարի ներդրում է արված, ինչը չի կարող չազդել իր վարկանիշի վրա, իր հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա ու այն խոստումների, որոնք չի կատարել: Ոչ ինքը, ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն պահել խոստումները: Սերժ Սարգսյան, տղամարդու պես պահեք ձեր խոսքը, ասել եք՝ չեք դառնա, ուրեմն մի դարձեք: Կարեն Կարապետյան, ասել ես, որ 850 միլիոն բերելու ես, դե բեր ու հուպ տուր, «դոմփի», «զոմփի», ոնց ուզում ես, արա, բայց ասածդ արա, որ չստացվի՝ խաբել ես ժողովրդին ողջ քարոզարշավի ժամանակ»:



























