Հունաստանը մտադիր է օգնության երրորդ ծրագրի շրջանակում կատարել վարկառուների հետ համաձայնագրերը, բայց իր համար միեւնույն է՝ արդյոք այս ծրագրին Արժույթի միջազգային հիմնադրամը կմասնակցի՞: Այս մասին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Սալոնիկում՝ 82-րդ Միջազգային ցուցահանդեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք կարող ենք ապրել ե՛ւ ԱՄՀ-ի հետ այն շրջանակում, որը համաձայնեցվել է, ե՛ւ, անկասկած, կարող ենք ապրել առանց ԱՄՀ-ի: Ծրագրին մասնակցելու որոշումը ԱՄՀ-ն պետք է ընդունի մինչեւ տարեվերջ: Սակայն սա վերաբերում է ոչ միայն Հունաստանին, սա վերաբերում է ամբողջ Եվրոպային»,- ասել է Ցիպրասը:

Վարչապետը չի կարծում, որ ԱՄՀ դիրքորոշումը կարող է արգելակել բարեփոխումների ծրագրի երրորդ գնահատականը, քանի որ դա կախված է վարկառուների հետ համաձայնագրերի կատարումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՀ-ն 2 տարում չի կարողացել որոշել՝ արդյոք կմասնակցի Հունաստանին 86 մլրդ եվրոյի օգնության երրորդ ծրագրին, որն ավարտվում է արդեն 2018 թվականի ամռանը: ԱՄՀ-ն մի շարք նախնական պայմաններ էր առաջադրել, որոնց թվում էր Հունաստանի պետական պարտքի էական թեթեւացումը: Գերմանիան դեմ էր հանդես եկել: