ԱՄՆ-ում կնոջ առեւանգելու կասկածանքով ձերբակալվել է լեհական Decapitated մետալ խմբի 4 անդամ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Երաժիշտները ձերբակալվել են սեպտեմբերի 9-ին՝ Սանտա Անա քաղաքում (Քալիֆորնիա նահանգ): Ոստիկանները նրանց կասկածում են օգոստոսի 31-ին Սփոքան քաղաքում (Վաշինգտոն նահանգ) կայացած համերգից հետո կնոջ առեւանգելու մեջ: Կանխամտածված առեւանգման մասին սեպտեմբերի 1-ին իրավապահներին հայտնել է անձամբ տուժողը:

Խմբի անդամները ներկայումս Լոս Անջելեսի շրջանում արգելանքի տակ են եւ առաջիկայում կուղարկվեն Սփոքան՝ հետագա քննության համար: Երաժիշտների փաստաբան Սթիվ Գրեհեմի խոսքով՝ ձերբակալվածներն անմեղ են: «Մենք վկաներ ունենք, որոնք կարող են հաստատել, որ կինը խմբի երաժիշտների հետ հանդիպման է եկել ինքնակամ եւ հեռացել է բարեկամական տրամադրությամբ»,- պարբերականը մեջբերել է իրավապաշտպանի խոսքը:

Փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ երաժիշտները ստիպված կլինեն մի քանի շաբաթ արգելափակված մնալ, մինչեւ նրանց Սփոքան կուղարկեն: