Անցյալ տարի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտված Հիլարի Քլինթոնը կարծում է, որ նախընտրական արշավի ժամանակ իր թույլ տված ամենամեծ սխալը աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումն էր: Այս հարցի վերաբերյալ իր կարծիքը նա հայտնել է CBS-ի հետ հարցազրույցում, որը եթեր է թողարկվել կիրակի: Այն մեծ մասամբ վերաբերում էր նրա նոր գրքի առաջիկա հրատարակմանը:
«Կարծում եմ, որ իմ ամենամեծ սխալը անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումն էր: Ես այս մասին նախկինում էլ եմ ասել եւ հիմա էլ եմ ասում՝ դրա համար պատասխանատվությունը ես եմ կրում: Դա այնքան բացասական լույսի ներքո ներկայացվեց, որ ես չէի կարող դրանից թաքնվել»,- ասել է նա:
Նախընտրական արշավի ժամանակ Քլինթոնի շուրջ բռնկվել է «փոստային սկանդալ»՝ կապված իր կողմից տան համակարգիչն անթույլատրելիորեն ծառայողական, այդ թվում՝ գաղտնի նամակագրության համար օգտագործելու հետ: Անցյալ տարվա հուլիսին ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել էր, որ իր գերատեսչությունը հիմքեր չի հայտնաբերել Քլինթոնին մեղադրանք ներկայացնելու համար: Հոկտեմբերի 28-ին նա հայտնել էր,որ քննությունը վերսկսվում է նոր բացահայտված հանգամանքների հիմքով: Վերջապես՝ նոյեմբերի 6-ին նա ծանուցում էր տարածել այն մասին, որ լրացուցիչ ստուգումն ավարտվել է, եւ Քլինթոնի դատաիրավասության ենթակա չլինելու եզրակացությունն անփոփոխ է մնում:
Սակայն ՀԴԲ-ին զուգահեռ՝ Կոնգրեսն ամբողջ ժամանակ սկանդալի սեփական քննություն է անցկացրել: Դրանից զատ, երկրի նախկին առաջին տիկինը քննության վերսկսումն անվանել է ընտրություններում իր պարտության պատճառը:
Քլինթոնի հուշերի՝ «Ի՞նչ է տեղի ունեցել» (What Happened) գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 12-ին եւ կդառնա նրա երրորդ հրապարակումը: Առաջին՝ «Կենդանի պատմություն» (2003) գրքում Քլինթոնը նկարագրում է որպես առաջին տիկին Սպիտակ տանն անցկացրած տարիները: Երկրորդ՝ «Դժվար ընտրություն» (2014) գրքում նա ներկայացնում է 2007-2013 թվականների իրադարձությունները:




























