Հայաստանում պետք է նոր որակի իշխանություն` իշխանափոխության միջոցով. Այլ ճանապարհ չկա: Այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ գործող իշխանությունների հեռացումը անհրաժեշտություն է, բայց ոչ բավարար:
«Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ համակարգի կտրուկ փոփոխություն: Բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա մի շարք առաջնահերթություններ»,- նշեց Ռուստամյանն ու ներկայացրեց այդ առաջնահերթությունները.
«1. արմատախիլ անել իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորել իշխանության ձեւավորման ընտրական համակարգ,
2. Ձեւավորել ժողովրդավարացման համար անհրաժեշտ միջավայր,
3. իրականացնել իշխանության ապակենտրոնացում: Իշխանության գերկենտրոնացումը լավ պայմաններ է ստեղծել արտոնյալ խավի համար:
4. վերացնել պատգամավորի անձեռնմխելիության համակարգը: Նրանց հետ կանչելու մեխանիզմներ մշակել»:
Ըստ դաշնակցական գործչի, նախագահական համակարգը ցույց տվեց, որ մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, եւ պետք է անցում կատարել խորհրդարանական համակարգի:
«Հայաստանում գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս գալ իշխանության: Ընտրական իրավունքի պաշտպանության շարժում պիտի սկսվի Հայաստանում:
ժողովրդի գիտակցությանը պետք է հասցնես, որ ամենակարեւորը իր ընտրական իրավունքն է: Իշխանությունը պետք է վերցնի ժողովուրդը, եւ ոչ թե ինչ-որ խմբեր ու թայֆաներ»,- իր խոսքն ամփոփեց նա:





























