ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից Ադրբեջանը կօգտագործի որպես պատերազմ սկսելու առիթ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծին: «Եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, դրանից չի բխում, որ դա լինելու է Ղարաբաղի օգտին»,-նկատեց Զուրաբյանը՝ հավելելով, որ դա միջազգային հանրության կողմից կմեկնաբանվի հետեւյալ կերպ՝ Հայաստանը վերջ է դնում բանակցություններին, հարցը համարում է վճռված եւ տարածքային հավակություններ է ներկայացնում:
Ինչ վերաբերում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ միջազգային պայմանագրերի կողմ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ չճանաչված կազմավորումները, այդ թվում եւ ԼՂՀ-ն, Զուրաբյանն ասաց. «Դրանք դատարկ դեմարշներ են, դեմարշների իմիտացիա: Դա նման է դատարկ հոխորտալուն: Նման սպառնալիքով Ալիեւի ախորժակը չես զսպի»:





























