Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը բողոք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի ավագ տեղակալ Թոմաս Շենոնին՝ Վաշինգթոնի թշնամական գործողությունների ու դիվանագիտական իմունիտետի նկատմամբ ոտնձգությունների պատճառով։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիվանագետները սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն են անցկացրել Հելսինկիում,քննարկելով եկկողմանի հարաբերությունների սուր հարցերը ։ Ուշադրության կենտրոնում է եղել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակման ու Վաշինգթոնում ռուսական դիվանագիտական սեփականության ապօրինի զավթման շուրջ իրավիճակը։
Բացի այդ՝ Մոսկվան Վաշինգթոնի ուշադրությունն է հրավիրել այլ «անընդունելի ակցիաների» , մասնավորապես երրորդ երկրներում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի քաղաքացիների հաճախացած կալանավորումների վրա։ ԱԳՆ-ում նաեւ նախազգուշացրել են, որ ռուս- ամերիկյան հարաբերությունների ոչնչացումը հղի է ծանր հետեւանքներով, իսկ խնդիրները կուտակվել են ոչ Ռուսաստանի մեղքով։
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանը ամերիկյան կողմի պահանջով փակել է գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, շենքում իրականացվել են խուզարկումներ։ ԱՄՆ հայտարարությամբ՝ դա եղել է պատասխան քայլ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անձնակազմից 455 մարդու կրճատման մասին ռուսական կողմի որոշմանը։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ քայլին դիմել էր՝ ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծի ընդունման կապակցությամբ։




























