Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը այսօրվա բուռն նիստից հետո ամփոփեց քաղաքապետարանում 100 օրվա աշխատանքը։ «Ելք»-ականներն ամփոփումը սկսեցին ընդդիմախոսների մեղադրանքներին արձագանքելով։ Վերջիններս հեգնում են, թե «Ելք»-ի օրակարգում միայն Երեւանի փողոցների անվանափոխությունն է։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը թվարկեց բոլոր ոլորտները, որոնց վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել, վստահեցրեց՝ մայրաքաղաքի անլուծելի թվացող տրանսպորտային համակարգից մինչեւ հեշտ լուծվող խնդիրներ օրակարգում են եղել։ Անահիտ Բախշյանը հասցրել է շուրջ հինգ տասնյակ նամակներ գրել տարբեր մարմիններին։ Նախընտրական շրջանում հավակնոտ խոստումների հարցով շոշափելի արդյուքներ դեռ չկան, բայց շարունակում են պնդել՝ ելք կա։
Հիշեցնելով «Ելք»-ի նախընտրական կարգախոսը՝ հետաքրքրվեցինք, թե ինչ ելքեր են առաջարկել Տարոն Մարգարյանի մահաբեր վերելակներից, հուսահատության գազելներից, փոշու ամպերից եւ հույս ունե՞ն, որ սայլը տեղից կշարժվի՝ հաշվի առնելով Տարոն Մարգարյանի տարիների աշխատանքի տխուր պատկերը։ Խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հիշեց երեւանցիների վստահության քվեի կաշկանդող սահմանները։ 30 տոկոսն իրենց վստահեց, մեծ մասը կողմ քվեարկեց առնետների ու գարշահոտության օգտին, չնայած հոգու խորքում հույսերը «Ելք»-ի հետ են կապում։ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ իրենց թիմից նույնսիկ քվեարկությանը չմասնակցողները ակնկալիք ունեն, բայց մեծ պահանջների համար դեռ վաղ է։
«Անպայման պետք է հաշվի առնել, որ մեր գործունեությունը ընդամենը երեք ամսվա է, եւ նման պահանջներ դնել խմբակցության առջեւ այս պահին, ճիշտ չի լինի։ Հավատացնում եմ, որ 14 ավագանին քիչ թիվ չէ, եւ եթե մեզ հաջողվի բոլոր ուղղություններով անընդհատ ճնշում գործադրել, բարձրաձայնել, ստեղծել հանրային կարծիք կոնկրետ խնդիրների վերաբերյալ, ապա ոչ կարճ ժամանակում, սակայն առաջիկա տարիների կտրվածքով կունենանք շատ լուրջ բեկումներ, իշխանությունը անխուսափելիորեն սկսելու է դրանց լուծումներ տալ։ Մանավանդ հաջորդ ընտրություններին մենք կունենանք բարձրաձայնած, վեր հանած խնդիրների այնպիսի ներկապնակ, որի տակից իշխանությունը չի կարողանա դուրս գալ, եթե հիմիկվանից չկարողանա այդ խնդիրներին լուծում տալ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։ Վստահեցրեց՝ քաղաքային իշխանությանը ճնշման տակ են պահելու, մինչեւ տարեվերջ բեկումնային փոփոխությունը նկատելի կլինի։





























